суббота, 29 сентября 2018 г.

Լավ բան չենք անում, երբ լռում ենք


«Լավ բան չենք անում, այսօր ավետյաց օր է, ու մենք լուռ ենք մնում... » (4 Թագ. 7:9):

Չորս բորոտները, որոնք առաջինը հայտնաբերեցին, որ ասորական զորքերը փախել էին՝ թողնելով իրենց ողջ ունեցվածքը, սկզբում վայելեցին իրենց գտած գանձերն ու կերակուրը: Հետո հասկացան, որ լավ բան չէ բարի լուրը ուրիշներին չհայտնելը: Գնացին, տարածեցին բարի լուրը՝ ասորական բանակը չկա, իսկ նրանց բոլոր գանձերը Սամարիայում են: Նրանք հասկացան, որ մեղք է կշտանալը և սովածներին առատ կերակուրի մասին չհայտնելը: Եղիսեի արած մարգարեությունն իրականացավ, որ չորս բորոտներն առաջին վկաներն էին: Եթե նրանք լռեին, շատ մարդիկ սովից կմեռնեին, և իրենք մեղավոր կլինեին:
Կա լռություն, որը մեղք է: Երբ բարի լուրը գիտես ու լռում ես,  երբ գիտես, թե որտեղ է հոգևոր կերակուրը  և սովածներին չես ասում, երբ գիտես, որ Փրկիչը Հիսուսն է, բայց կորսվածներին չես պատմում, մեղք ես գործում: Ինչպիսի ավետարանչություն կլիներ, եթե բոլոր քրիստոնյաներն ասեին. ՙԼավ բան չենք անում, այսօր ավետյաց օր է, ու մենք լուռ ենք մնում՚:

Իմ օրագրից,  Սեպտեմբերի 29, 2013 թ.

Комментариев нет:

Отправить комментарий