«... ինչ ուզում ես , արա նրան» (1 Թագ. 24:4):
«Աստված չանի, որ Տիրոջ օծյալին՝ իմ տիրոջն
անեմ այս բանը՝ ձեռքս նրա վրա երկարացնելով, քանի որ նա Տիրոջ օծյալն է» (1 Թագ. 24:6):
Դավիթը փորձության առաջ էր կանգնած՝ վրեժ լուծել Սավուղից, բայց նա հաղթական դուրս եկավ: Դավթի մարդիկ առաջարկեցին նրան վրեժ լուծել Սավուղից: Դավիթը Սավուղին կարող էր սպանել, բայց չսպանեց, այլ վրեժ լուծելու ցանկությունը սպանեց իր մեջ: Նա այս փորձության մեջ հաղթեց, որովհետև Աստված առաջինն էր իր կյանքում: Նա
Սավուղի կյանքը խնայեց ոչ թե նրա համար, որ իր լավագույն ընկերոջ հայրն է, իր աներն է, երկրի ամենամեծ իշխանությունն է, այլ որովհետև նա Տիրոջ օծյալն է: Սավուղն ատում էր Դավթին, բայց Դավիթը սիրում էր Սավուղին թագավոր նշանակողին: Աստված է նրան թագավոր նշանակել, Աստված էլ կարող էր նրան թագավորությունից զրկել: Ցանկացած մեղքի փորձության ժամանակ հնարավոր է այդպես հաղթել. անպայման կհաղթես, եթե կյանքիդ կենտրոնում Աստված է, եթե Նրան հաճելի լինելը ամենակարևոր բանն է: Հիշեցի Հովսեփին. նա էլ Պետափրեսի կնոջ փորձության ժամանակ մեղք չգործելու համար ճիշտ պատճառ բերեց. «Ինչպե՞ս գործեմ այս մեծ չարիքը և մեղանչեմ Աստծո դեմ»: Նա անհավատարիմ կնոջ չար առաջարկը մերժելիս չասաց. «Ամուսինդ կիմանա, աշխատանքս կկորցնեմ, ազատությունս կկորցնեմ»: Նա մերժեց, որովհետև չէր ուզում Աստծո դեմ մեղք գործել: Երբ մեր հոգու թշնամին մեղքի փորձություն է բերում, նրա առաջարկը մերժելու հիմքում Տերը պետք է լինի. «Ինչպե՞ս կարող եմ իմ Տիրոջ Խոսքին չհնազանդվել, ինչպե՞ս կարող եմ Սուրբ Հոգուն վշտացնել, ինչպե՞ս կարող եմ ինձ սիրող Տիրոջ ատելի բանն անել, ինչպե՞ս կարող եմ Աստծո զավակին ատել, ինչպե՞ս կարող եմ չներել եղբորս, եթե Աստված ներել է ինձ...՚: Աստծո հանդեպ ակնածանքը զորավոր մեղքասպան է: Երբ մերժում ենք մեղքը, որովհետև չենք ուզում մերժել Աստծո Խոսքը, ամեն փորձության ժամանակ հաստատ հաղթելու ենք:
Իմ օրագրից,
Սեպտեմբերի 2, 2018
Комментариев нет:
Отправить комментарий