пятница, 8 ноября 2013 г.

Երեխաները Տիրոջ ժառանգությունն են





 Այսօր աղոթքիս օրագրում  «պատասխանված աղոթքների» մեջ  կարդացի ուղիղ մեկ տարի առաջ արված մի գրառում, որում  գրել էի հինգ տարվա աղոթքի պատասխանի մասին:

Քույրս, իր ամուսինը և մենք բոլորս երկար էինք աղոթել,  որ Տերն  ուղարկի  իրենց  կապարճի առաջին նետը  (Սաղմոս 127:4): Մինչ բժիշկն ասում էր՝ «անհնար է»,  Աստված արդեն պատասխանել էր մեր աղոթքին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ այն, ինչ մարդկանց համար անհնար է, հնարավոր է Իր համար:
Հունիսի 19-ին ծնվեց անուշիկ զարմուհիս՝ Եսթեր-Սառան, ով նոր ուրախությամբ լցրեց քրոջս տունը:
«Ահա երեխաները Տիրոջ ժառանգությունն են. որովայնի պտուղը Նրա պարգևն է» (Սաղմոս 127:3):
Շնորհակալ ենք, Տեր:

четверг, 7 ноября 2013 г.

Նվաղու՞մ է անձդ Տիրոջ սրահների համար



Որքան սիրելի են Քո բնակարանները, ով զորաց Տեր:  Իմ անձը փափագում է, անգամ  նվաղում է Տիրոջ սրահների համար: (Սաղմոս 84:1, 2)


Սաղմոս 84-ի հերոսը պարզապես չէր այցելում Աստծո տուն, այլ ամբողջ սրտով փափագում էր Տիրոջ ներկայությանը, նվաղում էր Տիրոջ սրահների համար: Տիրոջը ամեն ճշմարիտ երկրպագող ապրում է նույնը:
Եթե եկեղեցի գնալու համար քրիստոնյային խանգարում են անձրևը, վատ եղանակը, հեռավորությունը, գործերը, զվարճությունները, Սաղմոս 84:1,2-ում գրվածը արձագանք չի գտնի նրա սրտում: Բայց նա, ում համար Հիսուսն առաջինն է, իսկ եկեղեցի գնալը՝ ամենամեծ տոնը, նա,  ով ամեն բանից առաջ փնտրում է Աստծո թագավորությունը, նա ում մնացած գործերը կախված են հավաքույթի ժամերից, նա, ում կիրակի առավոտյան չեն զանգում, որովհետև գիտեն, որ հեռախոսն անջատված է, նա, ում կիրակի օրը ոչ մի տեղ չեն հրավիրում, որովհետև գիտեն, որ չի գա. կարևոր հանդիպում ունի, որը ոչնչի հետ չի փոխի, նա, ում հյուր չեն գնում պաշտամունքի օրերին, որովհետև գիտեն, որ տանը չի,  նա կարող է կրկնել սաղմոսերգուի խոսքերը.  «Իմ անձը փափագում է, անգամ  նվաղում է Տիրոջ սրահների համար»:

вторник, 9 апреля 2013 г.

Իմ մասին մտածող կա




«Սակայն Տերը մտածում է իմ մասին» (Սաղմոս 40:17):
Ահա մի համար, որի մասին կարող էի ասել՝ չափազանց զարմանալի ու հրաշալի է իրական լինելու համար: Մտքիս մեջ չի տեղավորվում, որ ինձ պես աննշան մեկը Ամենակարողի, տիեզերքի Արարչի ու  թագավորաց Թագավորի մտքի մեջ է:  Զարմանալի է, բայց իրական:  Սաղմոսերգուն ասում է. «Ես աղքատ ու կարիքավոր եմ, սակայն Տերը մտածում է իմ մասին»:  «Սակայն» -ից առաջ ինչ նախադասություն էլ դնեմ,  «սակայն»-ից հետո մխիթարող միտք կա՝ Տերը մտածում է իմ մասին: Ես տկար ու անզոր եմ, սակայն Տերը մտածում է իմ մասին, ես ենթակա եմ փորձությունների, սակայն Տերը մտածում է իմ մասին, հաճախ ընկնում եմ թշնամու ծուղակի մեջ,  սակայն Տերը մտածում է իմ մասին, հաճախ սուզվում եմ տխրության մեջ, սակայն Տերը մտածում է իմ մասին, երբեմն կորցնում եմ խաղաղությունս, սակայն Տերը մտածում է իմ մասին, հաճախ մտահոգություններս շատանում են իմ մեջ, սակայն Տերը մտածում է իմ մասին, հաճախ մտածում եմ, որ ոչ ոք չի մտածում իմ մասին, սակայն Տերը մտածում է իմ մասին:
Այն միտքը, որ Տերը մտածում է իմ մասին, ուրիշ մտքերի համար տեղ չի թողնում. տխուր մտքերի, միայնության զգացման,  տագնապի, մտահոգության համար տեղ չի թողնում: Կարո՞ղ եմ մտածել այն մասին, որ Տերը մտածում է իմ մասին և չուրախանալ,  կարո՞ղ եմ մտածել, որ Նրա մտքի մեջ եմ, ու մտքիս մեջ տագնապներ լինեն, կարո՞ղ եմ հավատալ, որ Տերը մտածում է իմ մասին ու չհավատալ, որ իմ կյանքում ամեն բան Նրա իմաստուն ծրագրով է ու իմ բարիքի համար: Այս բոլոր հարցերի պատասխանն է «ոչ»:  Ուրեմն խնդիրներիս, հոգսերիս, նեղություններիս մասին մտածելու փոխարեն մտածեմ իմ մասին մտածողի մասին:
«Նրա մասին իմ խորհրդածությունները քաղցր են լինելու, ես Տիրոջով եմ ուրախանալու» (Սաղմոս 104:34):

воскресенье, 24 февраля 2013 г.

Այո, ով Հայր


«Այո, ով Հայր, որովհետև Քեզ այդպես հաճելի եղավ»  (Մատթ. 11:26):

Հիսուսի այս խոսքերը ասում է նաև Աստծո ամեն զավակ, ով խոնարհվում է Աստծո գերիշխանության առջև, ունի Աստծո վախը, հնազանդվում է Աստծո ամեն խոսքին, գոհությամբ ընդունում աղոթքի ամեն բացասական պատասխան, հարցեր չի տալիս Տիրոջ գործերի վերաբերյալ, եթե նույնիսկ  դրանք չի հասկանում, պատրաստ է թողնել իր փափագները, սրտանց ասում է. «Ոչ թե իմ, այլ Քո կամքը լինի»:
Ուզում եմ միշտ ասել. «Այո, ով Հայր, », երբ Նա ոչ է ասում իմ փափագներին, իմ աղոթքներին, իմ ծրագրերին, իմ պատկերացումներին: Երբ անցյալում կատարված շատ բաներ չեմ հասկանում, ոչինչ չգիտեմ ապագայում ինձ համար Նրա ծրագրերի մասին, ներկայում շատ բաներ վշտացնում են ինձ, Նրա զորության և ողորմության հանդեպ հավատքս ինձ մղում են ասելու. «Այո, ով Հայր, »: Որովհետև Նրան այդպես հաճելի եղավ:
Ուզում են Նրան և ինձ հաճելի բաները նույնը լինեն: