пятница, 22 октября 2010 г.

Մոմերի առակը


Մութ գիշեր էր: Երբ լույսերն անջատեցին, խարխափելով գտա այն դարակը, որտեղ մոմեր էի պահում այսպիսի գիշերների համար: Ես վառեցի չորս մոմ և պատրաստվում էի գնալ, երբ մի ձայն ասաց.
----- Այժմ դիր ինձ տեղը:
----- Ո՞վ ասաց այդ:
----- Ես,--- ձայնը հնչում էր ձեռքիս մոտից:
----- Ո՞վ ես դու:
----- Ես մոմ եմ:
Ես բարձրացրեցի մոմը՝ ավելի լավ տեսնելու համար: Մոմի մեջ փոքրիկ դեմք էր երևում:
----- Ինձ այստեղից մի տար:
----- Ի՞նչ:
----- Մի տար ինձ այս սենյակից:
----- Ի՞նչ ես ուզում ասել: Ես պետք է քեզ դուրս տանեմ: Դու մոմ ես: Քո գործը լույս տալն է, դրսում մութ է:
----- Բայց դու չպետք է ինձ դուրս տանես, ես պատրաստ չեմ,---- բացատրեց մոմը աղերսող աչքերով: Ես պետք է ավելի լավ պատրաստվեմ:
Ես չէի կարող հավատալ ականջներիս.
----- Ավելի լավ պատրաստվե՞ս:
----- Այո, ես պետք է հետազոտեմ լույս տալու գործընթացը, որ դուրս գալիս շատ սխալներ չանեմ: Դու կզարմանաս, եթե տեսնես, թե ինչքան աղավաղված կարող է լինել ուսում չառած մոմի լույսը:
----- Դե լավ,---- ասացի ես,---- դու այս դարակում եղած միակ մոմը չես: Ես քեզ կհանգցնեմ և մյուսներին կտանեմ:
Բայց հենց այդ ժամանակ ուրիշ ձայներ լսեցի.
----- Մենք էլ չենք գալիս:
Ես շրջվեցի դեպի մյուս մոմերը.
----- Դուք մոմ եք, և ձեր գործը մութ տեղերը լուսավորելն է:
----- Այդպես դու ես կարծում, ----- ասաց առաջինը, դու կարծում ես, թե մեզ պետք է տանես, բայց ես զբաղված եմմտածում եմ լույսի կարևորության մասին:
----- Իսկ դուք երկուսդ, ---- հարցրի ես,----- դու՞ք էլ եք մնում:
Մի կարճ, հաստ, կարմիր մոմ ասաց.
----- Ես սպասում եմ մինչև կյանքս կարգավորվի: Ես բավական հաստատուն չեմ:
Վերջին մոմը բարակ, հաճելի ձայն ուներ.
----- Ես կուզենայի օգնել,---- բացատրեց նա,----- բայց խավարի մեջ լուսավորելը իմ պարգևը չէ: Ես երգչուհի եմ: Ես երգում եմ, որ քաջալերեմ մյուս մոմերին՝ ավելի պայծառ լուսավորելուհամար:
Նա սկսեց երգել «Այս փոքրիկ լույսն իմ» երգը: Մյուս երեքը միացան նրան՝ դարակը լցնելով երաժշտությամբ: Ես մի քայլ ետ գնացի և մտածեցի այդ ամենի ողջ անհեթեթության մասին. չորս կատարյալ առողջ մոմեր իրար հետ երգում են լույսի կարևորության մասին, բայց մերժում են դուրս գալ դարակից:
Թույլ տուր քեզ մի հարց տալ. վերջին անգամ ե՞րբ ես Ավետարանի մասին պատմել մեկին: Այս աշխարհը լցված է խավարով, մարդիկ սայթաքում են՝ փորձելով գտնել ճանապարհը: Դու կարողես նրանց համար լույս լինել: Դու կարող ես լուսավորել պարզապես հավատքիդ մասին պատմելով, ժպտալով կամ ողջույն ուղարկելով մի մոռացված ընկերոջ:
Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

1 комментарий:

  1. Երեխաների համար էլ հետաքրքիր կլինի, Հռիփսիմե, ես կկարդամ նրանց համար, կամ աղջիկս կկարդա իր և իր եղբոր համար,
    գիտես երեխաների համար նյութեր չեմ գտնում, որ նրանց սովորեցնեմ Աստծո ճանապարհները, սա իսկապես կարևոր հարց է մեր եկեղեցիներում, ինձ թվում է.

    ОтветитьУдалить