воскресенье, 29 апреля 2012 г.

Իմ «երգի ուսուցիչները»


«Նրանց մոտ երկնքի թռչուններն են բնակվում, որոնք երգում են ճյուղերի միջից»
 (Սաղմոս 104:12):
Առակաց գրքում ինձ համար ուսուցիչներ գտա` մրջյունները, որոնք սովորեցնում են աշխատասիրություն, ճագարները, որոնք տկար լինելով իմաստությամբ են վարվում` ապահովություն փնտրելով վեմերի մեջ, մորեխները, որոնք միաբանություն են սովորեցնում և այլն: Բնության գեղեցիկ նկարագրությամբ այս սաղմոսում էլ «ուսուցիչներ» գտա` ճյուղերին նստած  թռչունները, որոնք երգում են:
Նրանցից դաս ունեմ սովորելու. թռչունները երգում են նաև ձմռան ցրտին, երբ ձյունով ծածկված է ամեն բան և դժվար է կերակուր գտնելը: Ճնճղուկների անհոգ ճռվողյունը հանդիմանում է ինձ, երբ դժվարությունների և նեղությունների մեջ լռում է փառաբանության երգը հոգուս մեջ: Նրանցից սովորեմ խաղաղություն, սովորեմ գոհանալ ամեն վիճակի մեջ, սովորեմ մշտապես երգել:
Սաղմոսերգուն, որը լսում էր թռչունների երգը, ինքն էլ ճիշտ որոշում էր կայացրել. «Տիրոջն եմ երգելու ամբողջ կյանքիս մեջ, Աստծուս փառքն եմ երգելու, քանի դեռ կամ» (Սաղմոս 104:33):
Նա չասաց. «Երգելու եմ, քանի դեռ ոււրախ եմ, քանի դեռ առողջ եմ, քանի դեռ խնդիրներ ու մտահոգություններ չունեմ…», այլ «Աստծուս փառքն եմ երգելու քանի դեռ կամ»:  Ես կամ, ապրում եմ, ուրեմն նայեմ «երգի ուսուցիչ» թռչուններին և կայացնեմ այս որոշումը. «Տիրոջն եմ երգելու ամբողջ կյանքիս մեջ…»:
03.03.2012

1 комментарий: