вторник, 11 декабря 2018 г.

«Ամեն» բառը այն ասողի մասին ամեն բան ասում է



«Ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն» (Սաղմոս 106:48):

Երբեմն ֆեյսբուքում տեսնում եմ, որ քրիստոնյաներից ոմանք «ամեն» են ասում Սուրբ Գրքին օտար մտքերին: Կարող ենք ասել. «Ասա, թե ինչին ես «ամեն» ասում, ասեմ՝ ինչ հոգևոր վիճակում ես դու»: Աստծո Խոսքը սիրողը անպայման կասի «ամեն», երբ Աստծո Խոսք է լսում: Նա կարողանում է Աստծո Խոսքը մարդկային մեկնություններից զանազանել, ուստի չի ասի «ամեն», երբ մարդը սեփական մտքերն է քարոզում: Նա, ում սրտում փառաբանություն կա Աստծուն ուղղված, կասի «ամեն», երբ Աստծուն են փառաբանում, Նրա գործերի մասին են պատմում, գոհանում են Նրանից: Նա, ով ուզում է ուղղվել, կասի «ամեն», երբ Սուրբ Գրքի վրա հիմնված հանդիմանություն է լսում: Նա, ով սպասում է Հիսուսի գալստին, կասի «ամեն», երբ կոչ են անում Նրա գալստին պատրաստ լինել: Աղոթքի սիրտ ունեցողը, երբ լսում է ճիշտ աղոթք և ուզում է, որ այդ աղոթքը պատասխանվի, կասի «ամեն»: Նա «ամեն» կասի այն երգը լսելիս, որի բառերը Աստծո Խոսքից են ներշնչված:
«Ամեն» բառը այն ասողի մասին ամեն բան ասում է:
Սաղմոսերգուն այս սաղմոսում փառաբանում  է Աստծուն, պատմում է Նրա գործերի մասին և Աստծո ժողովրդից ակնկալում է լսել «ամեն»:
«Օրհնյալ լինի Տերը՝ Իսրայելի Աստվածը, հավիտյանս հավիտենից» (Սաղմոս 106:48):
Թող Նրա զավակներն ասեն «ամեն»:

Իմ օրագրից, դեկտեմբերի 11, 2018

Комментариев нет:

Отправить комментарий