суббота, 3 августа 2019 г.

Ոսկուց ավելի լավ, բժշկությունից ավելի լավ



«Ուստի ապաշխարեցեք և դարձի եկեք, որ ձեր մեղքերը ջնջվեն... » (Գործք 3:19):

Պետրոս առաքյալը կաղին ասել էր, որ չի կարող նրան տալ այն, ինչ ակնկալում է՝ ոսկի կամ արծաթ, և տվեց այն, ինչի մասին չէր էլ կարող երազել՝ բժշկություն Հիսուսի անունով:  Տվեց ավելի լավ բան ու առիթից օգտվելով ներկաներին առաջարկեց           բժշկությունից էլ ավելի լավ բան՝ մեղքերի ջնջվելը: Դա ամենալավ առաջարկն էր: Եթե մեղքերը ջնջված են, ուրեմն ջնջվում են վախը, ամոթը, հուսահատությունը, տխրությունը, անհանգստությունը:
Իր մեղքերն ատող և սրբությանը փափագող մարդու համար ավելի լավ լուր չկա, քան սա՝ մեղքերդ ջնջված են:

Ւմ օրագրից, ապրիլի 27, 2018

вторник, 11 декабря 2018 г.

«Ամեն» բառը այն ասողի մասին ամեն բան ասում է



«Ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն» (Սաղմոս 106:48):

Երբեմն ֆեյսբուքում տեսնում եմ, որ քրիստոնյաներից ոմանք «ամեն» են ասում Սուրբ Գրքին օտար մտքերին: Կարող ենք ասել. «Ասա, թե ինչին ես «ամեն» ասում, ասեմ՝ ինչ հոգևոր վիճակում ես դու»: Աստծո Խոսքը սիրողը անպայման կասի «ամեն», երբ Աստծո Խոսք է լսում: Նա կարողանում է Աստծո Խոսքը մարդկային մեկնություններից զանազանել, ուստի չի ասի «ամեն», երբ մարդը սեփական մտքերն է քարոզում: Նա, ում սրտում փառաբանություն կա Աստծուն ուղղված, կասի «ամեն», երբ Աստծուն են փառաբանում, Նրա գործերի մասին են պատմում, գոհանում են Նրանից: Նա, ով ուզում է ուղղվել, կասի «ամեն», երբ Սուրբ Գրքի վրա հիմնված հանդիմանություն է լսում: Նա, ով սպասում է Հիսուսի գալստին, կասի «ամեն», երբ կոչ են անում Նրա գալստին պատրաստ լինել: Աղոթքի սիրտ ունեցողը, երբ լսում է ճիշտ աղոթք և ուզում է, որ այդ աղոթքը պատասխանվի, կասի «ամեն»: Նա «ամեն» կասի այն երգը լսելիս, որի բառերը Աստծո Խոսքից են ներշնչված:
«Ամեն» բառը այն ասողի մասին ամեն բան ասում է:
Սաղմոսերգուն այս սաղմոսում փառաբանում  է Աստծուն, պատմում է Նրա գործերի մասին և Աստծո ժողովրդից ակնկալում է լսել «ամեն»:
«Օրհնյալ լինի Տերը՝ Իսրայելի Աստվածը, հավիտյանս հավիտենից» (Սաղմոս 106:48):
Թող Նրա զավակներն ասեն «ամեն»:

Իմ օրագրից, դեկտեմբերի 11, 2018

понедельник, 10 декабря 2018 г.

Վստահե՞լ մարդուն



«Ժողովուրդը Հուդայի Եզեկիա թագավորի խոսքերին վստահեց»: (2 Մնացորդաց 32:8):

Ճի՞շտ է մարդու խոսքերին վստահելը: Այո, եթե այդ մարդը վստահում է Աստծուն և ուրիշներին սովորեցնում է վստահել Աստծուն: Եզեկիա թագավորին կարելի էր վստահել. նրա խոսքերի մեջ չկար ինքնավստահություն, այլ Աստծո հանդեպ վստահություն: Նա չպարծեցավ, չասաց. «Մենք ուժեղ ենք, կհաղթենք», այլ հաղթություն տվող Տիրոջը մասին խոսեց: Նա իրատես էր, չէր ժխտում այն փաստը, որ Ասորեստանի թագավորի հետ մեծ բազմություն կար, բայց նաև հիշեցրեց, որ թեև նրա հետ մարմնեղեն բազուկ և մեծ բազմություն կա (2 Մնացորդաց 32:7), բայց իրենց հետ եղողը Աստվածն է, Նա է իրենց օգնելու և իրենց փոխարեն պատերազմելու:
Եզեկիան մի մարդ էր, որի մասին Աստծո Խոսքն ասել է, որ նա իր Տեր Աստծո առջև կատարել է բարին, ուղիղն ու ճշմարիտը(2 Մնացորդաց 31:20): Նրա գործերը ճիշտ էին, նրա խոսքերը ճիշտ էին, ուստի նրան վստահելը ճիշտ էր: Աստծո ժողովուրդը վստահեց նրան և հուսախաբ չեղավ: Ասորեստանի ամբարտավան թագավորը պարտվեց, որովհետև թագավորների Թագավորը պատերազմեց  Իր ժողովրդի համար:

Իմ օրագրից, դեկտեմբերի 10, 2018

суббота, 29 сентября 2018 г.

Լավ բան չենք անում, երբ լռում ենք


«Լավ բան չենք անում, այսօր ավետյաց օր է, ու մենք լուռ ենք մնում... » (4 Թագ. 7:9):

Չորս բորոտները, որոնք առաջինը հայտնաբերեցին, որ ասորական զորքերը փախել էին՝ թողնելով իրենց ողջ ունեցվածքը, սկզբում վայելեցին իրենց գտած գանձերն ու կերակուրը: Հետո հասկացան, որ լավ բան չէ բարի լուրը ուրիշներին չհայտնելը: Գնացին, տարածեցին բարի լուրը՝ ասորական բանակը չկա, իսկ նրանց բոլոր գանձերը Սամարիայում են: Նրանք հասկացան, որ մեղք է կշտանալը և սովածներին առատ կերակուրի մասին չհայտնելը: Եղիսեի արած մարգարեությունն իրականացավ, որ չորս բորոտներն առաջին վկաներն էին: Եթե նրանք լռեին, շատ մարդիկ սովից կմեռնեին, և իրենք մեղավոր կլինեին:
Կա լռություն, որը մեղք է: Երբ բարի լուրը գիտես ու լռում ես,  երբ գիտես, թե որտեղ է հոգևոր կերակուրը  և սովածներին չես ասում, երբ գիտես, որ Փրկիչը Հիսուսն է, բայց կորսվածներին չես պատմում, մեղք ես գործում: Ինչպիսի ավետարանչություն կլիներ, եթե բոլոր քրիստոնյաներն ասեին. ՙԼավ բան չենք անում, այսօր ավետյաց օր է, ու մենք լուռ ենք մնում՚:

Իմ օրագրից,  Սեպտեմբերի 29, 2013 թ.