«Սա Պողոսի և մեր ետևից ընկած աղաղակում էր և ասում. «Այս մարդիկ Բարձրյալ Աստծո ծառաներն են, որ մեզ ցույց են
տալիս փրկության ճանապարհը» (Գործք 16:17):
Տարօրինակ տեսարան է. սատանան քարոզում է Ավետարանը, նրա աղախինը հաստատում է Ավետարանի
ճշմարիտ քարոզիչների ասածները և ասում բացարձակ ճշմարտությունը՝ Պողոսն ու Շիղան իրոք
Բարձրյալ Աստծո ծառաներն են և ցույց են տալիս փրկության
ճանապարհը: Մի՞թե սատանան ուզում է, որ մարդիկ գտնեն փրկության ճանապարհը, հավատան
Պողոսի ու Շիղայի խոսքերին: Մի՞թե խավարի իշխանն աջակցում է նրանց, ովքեր ջանում են
քանդել խավարի իշխանությունը: Ո՛չ, իհարկե: Թեև գուշակ, դիվահար աղջիկը ասում էր ճշմարտությունը,
նա ներշնչված էր սատանայից, ոչ թե Սուրբ Հոգուց: Սատանան ավելի վտանգավոր է, երբ քարոզում
է Ավետարանը, քան երբ կռվում է Ավետարանի դեմ: Եթե Պողոսը զանազանության պարգև չունենար,
գուցե խաբվեր և մտածեր, որ աղջիկն իրենց աջակցում է: Իրականում սատանան ուզում էր,
որ մարդիկ հավատան, որ Պողոսը, Շիղան և դիվահար աղջիկը միաբան են, նույն նպատակն ունեն:
Ո՞վ կվստահի Ավետարանի քարոզչին, որը համագործակցում է գուշակության ոգով բռնված աղջկա
հետ, սատանայի աղախնի հետ: Պողոսի խոսքով դիվահար աղջիկն ազատագրվեց, և սատանան փոխեց
ռազմավարությունը՝ բանտարկել և ծեծել տվեց Ավետարանի քարոզիչներին: Երբ ամբարիշտն արդարացնում է Աստվածաշնչում նշված այն բաները,
որոնք Աստծո Խոսքն անվանում է գարշելի, բայց նաև խոսքեր է կարդում Աստվածաշնչից, մի՞թե
աջակցում է Ավետարանի քարոզչությանը. ո՛չ, նա մտածված խանգարում է Աստծո Խոսքին: Եթե ամբարիշտն ու Ավետարանի քարոզիչները միաբան
են, ո՞վ կվստահի այդ քարոզիչներին: Իսկ զանազանելու կարողություն չունեցողները, Աստծո
Խոսքը չիմացողները սատանայի ծառային կարող են Աստծո ծառա համարել միայն նրա համար,
որ Աստվածաշնչից խոսքեր է կարդում: Նրանք չեն հիշում, որ անապատում Հիսուսի փորձության
ժամանակ սատանան մեջբերում արեց 91-րդ սաղմոսից:
Աստծո Խոսքի
թշնամին քնած չէ, նա կարող է իր ծառաներին ուղարկել Աստվածաշունչը ձեռքին:
Իմ օրագրից,
Հունիսի 29, 2021
Комментариев нет:
Отправить комментарий