(Հովհ. 6:42,38, Ղուկաս 2:47, Հովհ.1:14, Մատթ.16:14-19, Մատթ.14:26, Հովհ.4:10, Հովհ.20:15-16, Ղուկաս 24:13-32, Հովհ.18:36, Հովհ. 21:4,11, Գործք 9:15, 22:8)
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ մանուկը մսուրում պառկած
Որդին չէ հյուսնի,
Այլ երկնից իջած Արքան ողջ երկրի:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ տաճարում խոսող պատանին
Ոչ թե գիտակ է Աստծո Խոսքի,
Այլ Աստծո Խոսքն Ինքն է,
Որ մարմին դարձավ, մեր մեջ բնակվեց:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ ամենուր հրաշքներ գործողը
Մարգարե չէ միայն,
Այլ կենդանի Աստծո Որդին,
Ով քեզ հանձնել է երկնի բանալին:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ ալիքների վրայով Քեզ մոտ եկողը
Ուրվական չէ, այլ Արքան տիեզերքի,
Ում հնազանդվում են ծովն ու հովերը:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ ջրհորի մոտ նստածը
Կարիք չունի քո տված ջրի,
Այլ ուզում է քեզ պարգևել ջուրը Կյանքի,
Որը խմողը էլ չի ծարավի:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ խաչի վրա գամվածը
Անզոր չէ բնավ ու կարոտ չէ օգնության,
Այլ դու Իր կարիքն ունես ամեն ժամ:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ գերեզմանի մոտ կանգնած է
Ոչ թե պարտիզպանը,
Այլ հարուցյալ Արքան ու Փրկիչը քո,
Ում առաջ նահանջում են մահն ու դժոխքը:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ Էմմաուսի ճանապարհով
Քայլում է ոչ թե ճամփորդ պատահական,
Այլ հարուցյալ Արքան, այնքան սպասված Մեսիան,
Ում Թագավորությունը այս աշխարհից չէ:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ ծովեզերքին կանգնածը
Անծանոթ չէ քեզ, այլ Բարեկամն է քո հարազատ,
Որ հոգում է կարիքներդ Իր փառավոր ճոխության համեմատ:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ Նազովրեցին, ում հալածում ես
Մեռած չէ, ապրում է հավիտյան
Եվ ուզում է, որ Դու լինես Իր վկան,
Իր Անվան զորությունը հայտնես
Բոլոր ազգերին, նրանք արքաներին:
Եթե մի օր աչքերդ բացվեն,
Դու կտեսնես, որ դեռ չես տեսել
Հրաշքները Իր Խոսքի,
Երբ աչքերդ բացվեն,
Կտեսնես փառքը Իր սքանչելի
Ու Իր գահի առջև ընկած
Կերկրպագես Արքային:
Հռիփսիմե Մկրտչյան
Комментариев нет:
Отправить комментарий