четверг, 12 марта 2009 г.

Զգուշացեք փարիսեցիների խմորից


«Նայեցեք, զգույշ եղեք փարիսեցիների ու սադուկեցիների խմորից» (Մատթ. 16:6)
Հիսուս, Քո աշակերտներին Դու զգուշացրիր
Հեռու մնալ խմորից փարիսեցիների,
Ուրեմն, այդ վտանգը կա, ու դրանից զերծ չեն
Նույնիսկ ճշմարիտ աշակերտները Քո:
Տեր, որոշել եմ ես էլ զգուշանալ.
Փարիսեցիության նշանները ցույց տուր Դու իմ մեջ,
Ուզում եմ անհետ ջնջես դրանք ու ոչնչացնես,
Չեմ ուզում այն սարսափազդու «Վայ քեզ»-ն ինձ ասես:
Թող երբեք չլինի որ մի բան ասեմ ու անեմ այլ բան,
Ուզում եմ, որ բոլոր խոսքերիս ու գործերիս միջև
Միշտ լինի միայն հավասարման նշան:
Աղոթելիս հրապարակների անկյունը չեմ ընտրի,
Այլ գաղտնի վայրում Քեզ կհանդիպեմ,
Աղքատներին տալիս փող չեմ հնչեցնի,
Ծոմ պահելիս զվարթ տեսք կընդունեմ:
Ինձ տիտղոսներ ու գովեստներ պետք չեն,
Ուզում եմ Քո շուրթերից «ապրես»-ը լսել,
Պատվավոր տեղերում նստել չեմ ուզում,
Ոտքերիդ մոտ նստած երջանիկ կլինեմ:
Տե՛ր, թեև սիրում եմ մժղուկը քամել,
Թույլ չտաս երբեք, որ ուղտը կուլ տամ,
Հիշեցրու ամանի ներսը միշտ սրբել,
Որ դուրսն էլ փայլի այդ նույն մաքրությամբ:
Աչքիս մեջ գերան ունենալով՝
Ինձ ակնաբույժի տեղ երբեք չեմ դնի,
Քո տված փրկության մեջ մնալու համար
Իմ գործերին չեմ ապավինի:
Ինձ մաքսավորի հետ չեմ համեմատի,
Այլ նրա պես ուզում եմ ես աղաղակել,
«Տե՛ր, ողորմիր ինձ, որ մեղավոր եմ»,
Քո շնորհած ներումը պիտի վայելեմ:
Տե՛ր. քննիր ինձ միշտ ու հայտնաբերիր
Բոլոր ախտանիշները փարիսեցիության,
Այս սարսափելի ախտից պետք է զգուշանամ,
Որ չտանի ինձ հոգևոր մահվան:

Հռիփսիմե Մկրտչյան

Комментариев нет:

Отправить комментарий