«Մեծարվիր, ով Աստված, երկինքներից բարձր ու Քո փառքը թող ամբողջ երկրի վրա լինի, որպեսզի նրանք, ում սիրում ես, ազատվեն» (Սաղմոս 108:5,6)
Նորից տեսնում եմ, որ փառաբանության մեջ է ազատագրումը: Տերը պիտի մեծարվի, որ ազատվեն նրանք, ում Նա սիրում է: Ես ուզում եմ, որ Նրա և իմ սիրելիները ազատվեն. ոմանք կարիք ունեն ազատվելու մեղքից, ոմանք՝ հպարտությունից, ոմանք՝ աշխարհասիրությունից, ոմանք՝ իրենց խնդիրներից, ես ինքս կարիք ունեմ ազատվելու հոգեկան ընկճվածությունից: Տխրելու փոխարեն պետք է Տիրոջը փառաբանեմ: Բանտում եղած ժամանակ Պողոսն ու Շիղան փառաբանություն էին երգում, և բանտի դռները բացվեցին: Փառաբանությունը ազատում է, փակ դռներ է բացում: Իմ կյանքում հիմա շատ փակ դռներ կան՝ փակ է ինձ եկեղեցի տանող դուռը, փակ են սրտերը ինձ հասկանալու համար, փակ են ճանապարհները՝ ստանալու համար սրտիս փափագները, բայց եթե սիրտս բաց լինի Աստծո Խոսքի համար և բերանս բացվի Տիրոջս փառաբանելու համար, Տերը կբացի փակ դռներն իմ կյանքում: Հիմա ի՞նչ անեմ փակ դռների առաջ կանգնած: Շնորհակալ եմ Տիրոջը, որ հայտնեց, թե ինչ անեմ: Ասեմ Դավթի պես. «Մեծարվիր, ով Աստված, երկինքներից բարձր»: Կազատվե՞ն Նրա և իմ սիրելիները: Այո, քանի որ Նա է խոստացել:
Комментариев нет:
Отправить комментарий