суббота, 7 марта 2009 г.

Հրաշքի գինը

Թեսին ութ տարեկան էր, երբ լսեց, որ մայրն ու հայրը խոսում են իր փոքր եղբոր` Անդրեի մասին: Նա գիտեր, որ եղբայրը շատ հիվանդ է, և իրենք բոլորովին դրամ չունեն: Նրանք պատրաստվում էին տեղափոխվել հանրակացարան, որովհետև հայրիկը դրամ չուներ վճարելու թե՛ բժշկին, թե՛ տան վարձը: Միայն մի շատ թանկարժեք վիրահատություն կարող էր փրկել իր եղբորը, բայց չկար մեկը, որ նրանց պարտքով փող տար: Թեսին լսեց, որ հայրն ասում է մորը. «Միայն հրաշքը կարող է փրկել նրան հիմա»: Թեսին գնաց իր ննջարանը և դարակի թաքստոցից հանեց մի ապակյա բանկա: Նա գետնին լցրեց իր ունեցած ողջ մանր դրամը և սկսեց ուշադրությամբ հաշվել: Նա երեք անգամ հաշվեց այն: Խնամքով մանրադրամները նորից լցրեց բաժակի մեջ, փակեց այն և գնաց դեղատուն: Նա համբերությամբ սպասեց, որ դեղագործն իրեն ուշադրություն դարձնի, բայց նա աշխուժորեն զրուցում էր մի մարդու հետ և չէր ուզում ուշադրություն դարձնել ութամյա երեխային: Նա սկսեց ոտքերով դոփել` ուշադրություն գրավելու համար, բայց իզուր: Նա սկսեց հնարավորին չափ մեծ աղմուկով մաքրել կոկորդը, բայց ոչ մի օգուտ: Վերջապես իր բանկայից հանեց 25 ցենտանոց մի մանրադրամ և աղմուկով դրեց վաճառասեղանի վրա: Այս անգամ դա ազդեց:
---- Ի՞նչ ես ուզում,---- ձանձրացած տոնով հարցրեց դեղագործը,--- ես խոսում եմ Չիկագոյից եկած իմ եղբոր հետ, որին դարերով չեմ տեսել,--- ասաց նա` առանց սպասելու երեխայի պատասխանին:
---- Դե, ես էլ ուզում եմ ձեզ հետ խոսել իմ եղբոր մասին,--- պատասխանեց Թեսին նույն ձանձրացած տոնով,--- նա շատ, շատ հիվանդ է, և ես ուզում եմ մի հրաշք գնել:
---- Ի՞նչ, --- ասաց դեղագործը:
---- Նրա անունը Անդրե է, նրա գլխի մեջ ինչ-որ վատ բան է աճում: Հայրիկն ասաց, որ միայն հրաշքը կփրկի նրան: Ես ուզում եմ իմանալ, թե ինչ արժի հրաշքը:
---- Փոքրիկ աղջիկ, մենք այստեղ հրաշքներ չենք վաճառում, ցավում եմ, բայց չեմ կարող օգնել քեզ,--- ասաց նա մի փոքր մեղմանալով:
---- Լսեք, ես փող ունեմ, կարող եմ վճարել: Եթե իմ ունեցածը չհերիքի, կարող եմ էլի ճարել: Ուղղակի ասեք ինձ, թե ինչ արժի հրաշքը:
Դեղագործի եղբայրը կռացավ և հարցրեց աղջնակին.
---- Ինչպիսի՞ հրաշքի կարիք ունի քո եղբայրը:
---- Չգիտեմ,--- պատասխանեց Թեսին արցունքոտ աչքերով,--- ես միայն գիտեմ, որ մայրիկն ասաց, որ նա վիրահատության կարիք ունի, իսկ հայրիկը չի կարող վճարել: Ես էլ որոշեցի օգտագործել իմ դրամը:
---- Ինչքա՞ն փող ունես,--- հարցրեց դեղագործի եղբայրը:
---- Մեկ դոլար և 11 ցենտ,---հազիվ լսելի ձայնով պատասխանեց Թեսին,--- սա իմ ունեցած ամբողջ դրամն է, բայց եթե պետք լինի, էլի կճարեմ:
---- Ինչպիսի զուգադիպություն,--- ժպտաց մարդը,--- 1 դոլար և 11 ցենտ` հենց այդքան էլ արժի փոքրիկ եղբայրների համար նախատեսված հրաշքը:
Հետո նա ասաց.
---- Ինձ տար ձեր տուն: Ես ուզում եմ տեսնել եղբորդ և ծանոթանալ ծնողներիդ հետ: Տեսնենք` ինձ մոտ կգտնվի՞ ձեզ պետք եկած հրաշքը:
Դեղագործի եղբայրը դոկտոր Կարլտոն Արմսթրոնգն էր: Նա ապրում էր Չիկագոյում և նյարդավիրաբուժության մեջ մասնագիտացած վիրաբույժ էր: Վիրահատությունը կատարվեց լիովին անվճար, և կարճ ժամանակ անց Անդրեն տանն էր և լավ էր զգում: Վերջերս մայրն ու հայրը խոսում էին այդ վերջին իրադարձությունների մասին: Մայրն ասաց.
---- Այս վիրահատությունն իսկական հրաշք էր: Տեսնես` ինչքա՞ն կարժենար:
Թեսին ժպտաց: Նա շատ լավ գիտեր, թե ինչ արժի հրաշքը... 1 դոլար և 11 ցենտ:


Հեղինակն անհայտ է
 Անգլերենից թարգմանեց Հռիփսիմե Մկրտչյանը

Комментариев нет:

Отправить комментарий