Թագավորաց Թագավորի Թագավորության Փառաբանության քաղաքում ապրում էր մի Աստծո զավակ: Մի օր նա սկսում է հաղորդակցություն ունենալ Կրոնի երկրի Դժգոհության քաղաքի, Դառնության փողոցի բնակիչներից մեկի հետ և նրանից վարակվում է մի տարօրինակ հիվանդությամբ: Հիվանդության պատճառով անճանաչելիորեն փոխվում է այն աստիճանի, որ նրան տեսնողները գլխի չէին ընկնում, որ նա Աստծո զավակ է: Հիվանդության ախտանիշները գնալով շատանում են. նախ կորցնում է հիշողությունը՝ մոռանում է աղոթել, մոռանում է փառաբանության երգեր երգել, մոռանում է երկնային Հոր սիրո մասին, տխուր բաները հիշում է, ուրախ բաները՝ ոչ, նեղությունները հիշում է, ստացած օրհնությունների մասին՝ մոռանում: Վատանում է նաև նրա տեսողությունը, արևը չի տեսնում, ամպերը տեսնում է, փոթորիկն ու անձրևը տեսնում է, ծիածանը՝ ոչ, փշերը տեսնում է, վարդերը՝ ոչ: Այնքան անուշադիր է դառնում, որ կորցնում է Թագավորի տված պարգևներից շատերը՝ ուրախությունը, խաղաղությունը, հաղթական կյանքը, հույսը և այլն: Ի վերջո որոշում է դիմել բժշկի: Գնում է «Աստծո Խոսք» անունով Բժշկի մոտ և պատմում հիվանդության ախտանիշների մասին: Հմուտ Բժիշկն անմիջապես տալիս է ախտորոշումը. «Դու հիվանդ ես «տրտնջացող հոգի» հիվանդությամբ: Հիմա սատանան ամենուրեք տարածում է այդ վտանգավոր վիրուսը: Դա շատ լուրջ հիվանդություն է, և չբուժելու դեպքում կարող է հասցնել հոգևոր մահվան»: Բժիշկը նրան պատվիրում է գնալ «Սուրբ Գիրք» կոչվող դեղատունը և վերցնել հետևյալ դեղերը՝ «Հռոմ.8:28», «Սաղմոս 92:1,2», «Սաղմոս 77:11» և այլ «հակագանգատիչներ»: Հիվանդին բացատրում է, թե ինչպես պետք է ընդունել այդ դեղերը:
----- Վերցրու Հռոմ.8:28 կոչվող դեղը: Այս դեղը պետք է ընդունել այսպես. միշտ հիշիր, որ ոչ թե շատ բաներ են բարու գործակից լինում Աստծուն սիրողների համար, այլ ամեն բան: Ինչ էլ կատարվի, Աստված Իր հսկողության տակ է պահում ամեն իրավիճակ, և բոլոր դեպքերը միասին աշխատում են քեզ բարիք բերելու համար: Օգտագործիր անընդհատ «Սաղմոս 92:1,2», «Սաղմոս 77:11» դեղերը: Ամեն առավոտ պատմիր Տիրոջ ողորմության մասին, ամեն գիշեր՝ Նրա հավատարմության մասին: Հիշիր Տիրոջ գործերի, հին օրերի հրաշքների մասին: Այնուհետև պետք է կատարել օգտակար վարժություններ: Ամենալավը «Ամեն բանում գոհացեք» կոչվող վարժությունն է (1 Թես.5:18):
----- Ինչպե՞ս է պետք դա կատարել: Ինչ էլ կատարվի, ինչքան էլ վշտերդ շատ լինեն, ինչքան էլ դժվար իրավիճակներում հայտնվես, պետք է Տիրոջը շնորհակալություն ասես, որովհետև Նրա կամքը միշտ բարի է:
---- Շատ դժվար վարժություն է:
---- Հեշտ կլինի, եթե Հռոմ.8:28 դեղամիջոցը կանոնավոր կերպով օգտագործես և միշտ կատարես նախավարժությունները: Իսկ նախավարժությունները կոչվում են «Միշտ ուրախ եղեք» և «Անդադար աղոթեք» (1 Թես.5:26,17): Եթե այս երկուսը միշտ անես, դեղամիջոցներն էլ միշտ ընդունես, «Ամեն բանում գոհացեք» կոչվող վարժությունը շատ հեշտ կլինի: Եվս մեկ օգտակար վարժություն՝ երգիր փառաբանության երգեր: Ես կառաջարկեմ «Բարի է, բարի է իմ հոգվույս», «Կյանքս ըլլայ, Տեր», «Ոհ, ինչ փառք է Իրեն հետ քայլել» երգերը: Նաև ամեն օր պետք է հաշվես քո օրհնությունները: Դա լիովին սպանում է «տրտնջացող հոգի» կոչվող վիրուսը: Զգույշ եղիր, ոչ մի դեպքում չհաշվես նեղություններդ ու հոգսերդ:
---- Իսկ ի՞նչ անեմ դրանք:
----- Տար Թագավորաց Թագավորի մոտ (1 Պետր.5:7, Սաղմոս 55:22): Երբ դրանք հանձնես Նրան, մտքովդ չանցնի հետ վերցնել:
---- Շատ լավ, մինչև ե՞րբ է պետք շարունակել կատարել վարժությունները և ընդունել դեղերը:
---- Ողջ կյանքում: Բուժվելուց հետո պետք է շարունակես ընդունել այդ դեղերը և կատարես վարժությունները, այլապես հիվանդությունը կարող է կրկնվել: Այդ դեղերը ոչ միայն բուժման համար են, այլև հիվանդությունը կանխելու: Նաև ամեն օր «Սուրբ Գիրք» դեղատան «Սաղմոսաց գիրք» կոչվող դարակից վերցրու «փառաբանության վիտամիններ»:
Աստծո զավակը շատ էր ուզում բժշկվել, դրա համար ճշտությամբ հետևում է բժշկի բոլոր դեղատոմսերին: Մեկը մյուսի հետևից անհետանում են հիվանդության ախտանիշները, և նա լիովին բժշկվում է: Ամեն օր փառաբանության երգեր է երգում, անդադար աղոթում է, միշտ ուրախանում, ինչ էլ կատարվի, ասում է՝ «Ես հիմա չգիտեմ, թե իմ Տերն ինչ է անում, բայց մի օր կիմանամ»: Երբ նորից հանդիպում է Դժգոհության քաղաքի բնակիչներին, այլևս չի վարակվում, այլ խորհուրդ է տալիս նրանց գնալ «Աստծո Խոսք» անունով բժշկի մոտ և օգտվել «Սուրբ Գիրք» կոչվող դեղատնից:
Եթե նկատել ես քո մեջ «տրտնջացող հոգի» հիվանդության ախտանիշներից թեկուզ մեկը, անմիջապես գնա «Աստծո Խոսք» Բժշկի մոտ, եթե ուզում ես հոգևոր առողջություն ունենալ:
Հռիփսիմե Մկրտչյան
Комментариев нет:
Отправить комментарий